Մարդկությանը տրված կյանքին հավասար պատմություն ունի աղը, ինչպես գրված է Սուրբ գրքում. «Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնվեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց, ջրով չլվացվեցիր մաքրվելու համար, ոչ էլ աղով աղվեցիր…» (Եզեկ. 16.4)։
Աղի կարևորությունն այնքան մեծ է եղել դարեր առաջ, որ տարբեր ազգերի համար այն դարձել է սրբության խորհրդանիշ ու դրա միջոցով ուխտ են կնքել միմյանց միջև։ Այդ է հաստատում նաև Աստվածաշունչը. «Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ աղի ուխտ է քեզ համար և քեզնից հետո քո սերնդի համար» (Թվեր 18.19)։
Ժամանակին Տիբեթի լեռնաբնակները, գնահատելով աղի կարևորությունը, նույնիսկ աղադրամի միավոր են ունեցել ու շրջանառության մեջ դրել երկար ժամանակ։ Եղել են աղազուրկ երկրներ (ինչպես Հնդկաստանում անգլիական գաղութատերերի օրոք), որտեղ աղը գնահատվել է բառիս բուն իմաստով ոսկուն հավասար. այսքան աղ տար այդ երկիր, ստացիր նույն քաշի ոսկի, որովհետև նրանք գիտեին, որ առանց աղի մարդը «հոտում» է, իսկ առանց ոսկու կարելի է դեռ երկար ապրել։
Ռուս գիտնական Լոմոնոսովը գրել է, թե Հաբեշստանում, որ ժամանակակից Եթովպիան է, չորս կտոր աղով կարելի էր մի ստրուկ գնել։ Տեղի ունևորները երբեմն պարծեցել են իրենց ունեցած աղի քանակով, ու ճոխ հյուրասիրությունը հատկապես առատ աղի ներկայությամբ է ուղեկցվել։
Երկրագնդի ամենաաղի լիճը գտնվում է Իսրայելում և կոչվում է Մեռյալ ծով, չնայած այն Սևանա լճից էլ փոքր է։ Այն ծովի մակերևույթից 400 մետր ցածր է, և այնտեղի ջրերում բացարձակապես գոյություն չունի կենդանական կամ բուսական աշխարհ։ Աղի խտությունն այնքան մեծ է (շուրջ 25 %), որ լողացող մարդը չի սուզվում, այլ Բուրատինոյի նման հանգիստ կարող է ջրի վրա պառկած թերթ կարդալ (տարիներ առաջ ինքս եմ փորձել)։
Կա նաև աղային միստիկա. ասում են, թե Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկում իբր նկարված է եղել, որ Հուդան հանկարծակի աղ է թափում սեղանին, այդ պատճառով էլ դավաճանում է Հիսուսին։ Ժողովուրդն էլ այդ սնոտի բանին հավատալով, հենց որ աղ է թափվում, վախենում է, թե վատ բան կպատահի։ Ոմանք էլ, օրինակ, աղի վրա իսկույն մատով խաչ են գծագրում, որ չարը խափանվի։
Նման դեպքի ականատես եղա մի ընտանիքում, որտեղ նշանված նորահարս էր գնում-գալիս, մինչև ամուսնանալը։ Երբ մի անգամ սեղանի վրա հանկարծ աղ թափվեց, նա իսկույն վրան մատով խաչ հանեց։ Տղայի հայրը, որ քրիստոնյա էր ու եկեղեցի էր հաճախում, նորահարսին զգուշացրեց, որ սնոտի բաների չհավատա, այլ միայն Հիսուսին։ Բայց աղջիկը չընդունեց ապագա սկեսրայրի խորհուրդը, որովհետև իրենց տանը ուրիշ՝ սնոտի քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, ու դրանից հետո դեռ ավելին էր անում. այսինքն` տանը հանկարծ բաց վիճակում մկրատ էր տեսնում, իսկույն փակում էր, որ իր նորափեսայից չբաժանվի։ Ինչևէ, մի քանի ամիս հետո որոշվեց հարսանիքի օրը, բայց այդպես էլ չկայացավ, որովհետև տղան իրեն համապատասխան չգտավ աղջկան ինչ-ինչ պատճառներով, որ միայն Աստծուն է հայտնի։
Մարդկանց մեջ նաև տարածված է այն կարծիքը, թե ուրիշին պետք չէ աղ տալ, որովհետև դրանով տանդ «բարաքյաթը» կգնա ստացողի տունը։ Սա դարձյալ հաստատում է աղի կարևորությունն ընտանիքի համար, բայց համեմված փուչ սնոտիապաշտությամբ։
Աղը, որպես սննդային անհրաժեշտ մաս, ոչ միայն համի համար է, այլև մեր օրգանիզմի։ Առողջության համար որոշակի քանակությամբ աղ է անհրաժեշտ՝ տարեկան շուրջ 7 կգ, այսինքն` օրական 10-15 գրամ որը թեյի գդալի մեկ երրորդ մասն է։ Շոգ երկրներում մի փոքր ավելի, քանի որ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմից աղն ավելի շատ է դուրս գալիս։ Այդ է պատճառը, որ Սիբիրի ժողովուրդները, օրինակ, էսկիմոսներն ու չուկչիները, համարյա աղ չեն գործածում։ Մեր ամենօրյա կերակուրներից շատերն արդեն որոշակի քանակությամբ աղ են պարունակում. օրինակ, 100 գրամ «սալյամի» տեսակի ապխտած երշիկի մեջ արդեն մեկ օրվա անհրաժեշտ աղ կա՝ 2500 մգ, սպիտակ հացի մեջ` 150 մգ և այլն։ Այնպես որ, աղասեր անձինք կերակուրն առատ աղելուց առաջ թող մտածեն։ Իսկ ջուրը բժիշկները խորհուրդ են տալիս խմել ոչ թե եռացրած կամ թորած, այլ հանքային, որտեղ առկա է նատրիումի քլորիդ։ Աղի պակասության դեպքում մարդը հաճախակի փորլուծ, սրտխառնոց է ունենում։ Նման դեպքերում բժիշկները նույնիսկ աղի լուծույթ են ներարկում երակից։
Նատրիումի մեծ քանակ է անհրաժեշտ հղի կանանց, որովհետև արյան քանակն այդ ժամանակ ավելանում է 50 %-ով, այդ պատճառով շատերս ենք նկատել, որ հղի կանայք հաճույքով թթու դրած աղի վարունգ են ուտում, ինչն աճող երեխայի բջջանյութի հիմնանյութերին է ծառայում։
Կա թանկարժեք աղի տեսակ, որ կոչվում է վակուումային, որը ստանում են հատուկ տեխնիկական միջոցներով, իսկ մնացած տեսակները կոչվում են քարաղ, որոնք որպես հանքանյութ հանում են գետնի տակից, ինչպես մեր տեղական հայկականն է, և կան, գոլորշիացման մեթոդով արտադրվողները, օրինակ, ծովաղը, որը հարուստ է նաև կալիումի քլորիդով և այլ օգտակար նյութերով։
Վերջին ժամանակներում կերակրաղի մեջ սկսեցին ավելացնել յոդի որոշակի քանակություն, որովհետև բնակչության մեջ դրա պակասությունից նշագեղձերի հիվանդություն առաջացավ, ինչպես նաև երեխաների մտավոր և ֆիզիկական թերզարգացումներ նկատվեցին։ Ավելացնենք, որ կերակրաղի յոդի պարունակությունը առավելագույնս պահպանվում է կերակուրը պատրաստելուց հետո ավելացնելիս, ոչ թե եփելիս։ Եթե տանտիրուհին զգում է, որ ճաշն աղի է ստացվել, ապա կարելի է կարտոֆիլ կամ մի բուռ բրինձ գցել, բայց գերադասելի է աղը քիչ լինի, որ յուրաքանչյուրն իր քիմքի համեմատ աղ ավելացնի։
Քանի որ խոսեցինք նաև յոդի մասին, ապա ասենք, որ ժամանակին, երբ դեռ յոդը չէր հայտնաբերվել, մարդիկ վերքերը ախտազերծել են աղաջրի միջոցով, նույնիսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերքամոքիչ ամենալավ միջոցը համարվել է աղի լուծույթը։
Այժմյան տվյալներով` տարեկան արդյունահանվում է 193 մլն տոննա աղ, ընդ որում, ԱՄՆ-ում ամենաշատ քանակն է արդյունահանվում, բայց և այնպես նրանց ներքին պահանջներին չի բավարարում, և ստիպված ներկրում են այլ երկրներից։
Քիմիական տարրերի շարքում աղատեսակներ շատ կան, բայց մարդու համար ամենակենսականը քլորի նատրիումական կոչվող բյուրեղացած աղն է, որը բաղկացած է 39,4 % նատրիումից ու 60,6 % քլորից, որն անմնացորդ լուծվում է և՛ սառը, և՛ տաք ջրում։ Այն ոչ միայն սննդի մեջ է օգտագործվում, այլև արդյունաբերության զանազան բնագավառներում, ինչպես, օրինակ, կաուստիկ սոդայի, օճառի, ապակու, պլաստմասսաների, թղթի և 14000 այլ անհրաժեշտ նյութերի արտադրության մեջ։
Ինչքան աղ է անհրաժեշտ մարդուն. կարևոր այս հարցին անկարևոր շատ պատասխաններ են տալիս, ու նույնիսկ անմտաբար որոշ դիետոլոգներ, ինչպիսիք են Հերբերտ Շելտոնը, Պոլ Բրեգը, 60-ական թվականներից աղն ու շաքարն անվանում են սպիտակ թույն։ Բայց որպեսզի հասկանանք աղի կարևորությունը, հարկ է հետևյալ իմացությունը։
Օրինակ, 60 կգ քաշ ունեցող չափահաս կնոջ օրգանիզմում կա 120 միլիգրամ աղ, որը անհրաժեշտ է նախ ստամոքսահյութի թթվայնությունն ապահովելու, ապա գլյուկոզայի և զանազան ամինաթթուների ներհոսքը մեր արյան մեջ հասցնելու, և վերջապես միջբջջային ֆերմենտների ակտիվությունը խթանելու համար։
Նատրիումն անհրաժեշտ է օրգանիզմի աղաջրային նյութափոխանակության, ինչպես նաև մարմնի մկանային, այդ թվում և` սրտամկանի նորմալ գործունեության համար։ Այն անհրաժեշտ է նաև բարակ աղիներում անհրաժեշտ սննդանյութերի յուրացման համար։
Իսկ աղի մյուս բաղադրանյութը՝ քլորը, անհրաժեշտ է այնպիսի նյութերի համար, որոնք ճեղքում, տարրերի են բաժանում կերակրի յուղային նյութերը, օգնում մարմնից դուրս հանելու միզանյութը և այլն։
Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ կարգավորել աղի քանակի ընդունումը մեր օրգանիզմ։ Ասացինք, թե առանց աղի ինչ հիվանդություններ են առաջանում, իսկ աղի ավելցուկը մեր օրգանիզմում կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ, ինչին եզրահանգել են ճապոնացի գիտնականները 11 տարի 40000 մարդու ուսումնասիրելուց հետո։
Աղը զանազան հիվանդությունների բուժման ժողովրդական բժշկության դեղամիջոցներից մեկն է, օրինակ, անգինայի ժամանակ խորհուրդ է տրվում աղաջրով կոկորդը ողողել, իսկ ատամնացավի ժամանակ հին բժշկարաններում խորհուրդ են տալիս 100 գրամ գինու քացախի մեջ լուծել մեկ ճաշի գդալ աղ ու մի պտղունց շիբ և դրանով ողողումներ անել. և՛ ատամնացավը կդադարի, և՛ լնդերն էլ կամրանան (փորձված է բազմիցս)։
Աղի մասին հաճախ է հիշատակվել ժողովրդական խոսք ու զրույցներում, որպես ազնվության խորհրդանիշ մարդկանց հարաբերություններում. օրինակ, «Իրար հետ աղ ու հաց կերած ընկերներ են», այսինքն` հավատարիմ են։
Նաև ժողովրդական հեքիաթներում է շեշտվել աղի կարևորության մասին, ինչպես Հովհաննես Թումանյանն է գրել այն թագավորի մասին, որը երեք աղջիկ ուներ և ցանկանալով ժառանգություն թողնել նրանց, կանչելով հարցրել է, թե ինչքան են իրեն սիրում, նրանցից մեկը հորը պատասխանել է, թե աղի չափ է սիրում, ինչից հայրը բարկացել ու վռնդել է նրան, բայց հետագայում համոզվել է, որ հենց այդ աղջիկն է ամենաշատն իրեն սիրել։
Մեր ազգի համար աղը նաև հոգևոր խորհրդանիշ է դարձել, այդ պատճառով աղքատներին բաժանվելիք կերակուրը, որը սովորաբար մորթված կենդանու միս է լինում, կոչվել է մատաղ (մատաղացու), այսինքն` մատուցել օրհնված աղով եփած միս։ Այդ գեղեցիկ սովորությունը, ինչը այժմյան աղանդավորները ծաղրում ու մերժում են, սկզբնավորվել է դեռ Հին ուխտի ժամանակներում, համաձայն այս խոսքի. «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի, ձեր զոհաբերություններից չպակասացնեք Աստծո ուխտ աղը. բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեք» (Ղևտական 2. 13)։ ՈՒ քանի որ Տիրոջը զոհաբերության ծիսակարգը դադարեց, դրանից հետո այն շարունակվեց Տիրոջ չունևոր զավակներին կերակրելով, ինչպես գրված է Ավետարանում. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և Ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և Ինձ այցի եկաք»: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն Նրան ու ասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարավ և ջուր տվեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար և մեր մեջ առանք, կամ՝ մերկ և հագցրինք. ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք Քեզ այցի»: Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» (Մատթ. 35-39):
ՈՒշադրություն դարձրի՞ք, որ խեղճ ու անօգնական մարդկանց Տերն Իր եղբայրներ անվանեց, ուրեմն նրանց կերակրելը աստվածահաճո գործ է։
Հայտնի է, որ Հիսուսը ժողովրդին հոգևոր խոսք հաղորդելիս շատ անգամ օգտագործում էր զանազան իրերի անուններ, ու հաճախ էր աղը որպես հոգևոր խորհրդանիշ գործածում։ Օրինակ, երբ մի անգամ ասաց . «Ձեր անձերի մեջ աղ ունեցեք» (Մարկ. 9.49), բնական է, որ նյութական աղի մասին չէր խոսքը, այլ հոգևոր, այսինքն` ուզում էր ասել, որ յուրաքանչյուրս հոգս անենք, որ մեր մեջ վերերկրային խորհուրդներ գործեն, ինչը մեզ կպահպանի աշխարհի ապականությունից, իսկ վերջում՝ հավիտենական մահից։
Իսկ մեկ ուրիշ անգամ, երբ ասաց. «Ձեր խոսքը որպես թե աղով համեմված լինի» (Կող. 4.6), մեզ հասկացրեց, որ աշխատենք ապականված ու չար խոսքեր, հայհոյություններ կամ բամբասանքներ չանել, այլ շինիչ ու բարի բաներ խոսենք ի շահ լսողի և հօգուտ մեր հոգիների։
Հակոբոս առաքյալը նույնպես օգտվել է երկնային Վարդապետի խոսքերից, ասելով. «Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և աղի ջուր կբխեցնի» (Հակոբ. 4.12)։
Հոգևոր իմաստով աղն ավելի խորարմատ նշանակություն ունի, քանի որ անձամբ Տերն այդ մասին ասաց. «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» (Մատթ. 5.13)։ Քրիստոնյաներին Տերը երկրի աղ անվանեց, որը պահպանում է և համ է տալիս աշխարհին իրենց օրինակելի, քաղցրաբարո, ներողամիտ ու խոնարհ վարքով, բայց երբ այն անհամանա, այսինքն` կորցնի իր սրբարար ու փրկարար զորությունը, դրանից հետո պիտի գա աշխարհի վախճանը։
Վերջում յուրաքանչյուր ընթերցող կարող է ինքն իրեն հարց տալ. «Անձամբ ես, ընտանիքիս, շրջապատիս և, ի վերջո, ազգիս համար համ տվող ա՞ղ եմ, թե՞…»: Որակումը ինքդ արա։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ